BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ջեյմս ՈՒոռլիք. Նախագահները գիտակցում են՝ պատերազմն աղետ կլինի

Ջեյմս ՈՒոռլիք. Նախագահները գիտակցում են՝ պատերազմն աղետ կլինի
26.06.2016 | 00:24

«Ամերիկայի ձայն»-ի հայկական և ադրբեջանական ծառայությունների առաջին համատեղ հարցազրույցը՝ ԵԱՀԿ-ի ՄԽ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի հետ:


-Դուք նոր եք վերադարձել Սանկտ Պետերբուրգից, որտեղ կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ո՞րն էր հանդիպման գլխավոր նվաճումը, կարծում եք, որ այժմ հնարավոր է երաշխավորել խաղաղություն շփման գծում։
-Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ամերիկայի ձայն»-ի հայկական և ադրբեջանական ծառայություններին ԱՄՆ-ի արտգործնախարարությունում համատեղ հարցազրույց կազմակերպելու համար։ Սա պատմական հարցազրույց է, ես անցյալում երբևէ ադրբեջանական և հայկական ծառայությունների հետ համատեղ հարցազրույց չեմ ունեցել։ Հուսով եմ՝ սա ուղերձ է, որ կողմերը կարող են միասին աշխատել։ Փաստը, որ դուք այստեղ եք համատեղ հարցազրույց վարելու, դրական ուղերձ է ուղարկում երկու երկրներին։ Ես մեծագույն հաճույքով կհամաձայնեմ խոսել հայաստանցի և արդրբեջանցի լրագրողների հետ տարածաշրջանում։ Ես նոր եմ վերադարձել Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովից, որտեղ և կայացավ երկու նախագահների միջև հանդիպումը։ Թե Վիեննայի և թե Պետերբուրգի հանդիպումները կարևոր էին։ Իհարկե այս խնդիրը մեկ կամ երկու հանդիպումով լուծում չի ստանալու, սակայն սա մեծ առաջընթաց էր։ Դուք հարցրիք, թե ինչ համաձայնության ենք մենք եկել։ Կարևոր է հասկանալ, որ նախագահները այս հանդիպումներով փորձում են խնդրի լուծման ելքեր փնտրել, նախ նրանք որոշում կայացրին պահպանել հրադադարը։ Ես համոզված եմ, որ միայն և միայն հրադադարի պահպանման դեպքում է հնարավոր արդյունավետ բանակցություններ վարել։ Երկու կողմերը համաձայնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության ընդլայնմանը։ Վիեննայում հնչեցին այս հարցի շուրջ որոշ հակասություններ, սակայն մենք պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք այս ուղղությամբ։ Խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ձեռնարկվող հետաքննական մեխանիզմի մասին է, որը կերաշխավորի հրադադարի պահպանումը։ Միևնույն ժամանակ հարկավոր է բանակցային կայուն գործընթաց սկսել։ Այժմ սեղանին են դրված մի քանի առաջարկություններ, որոնց շուրջ կողմերը ունեն հակասություններ, սակայն համաձայնության գալը հնարավոր է, և մեր վերջնական նպատակն է երկարատև համաձայնագրի հաստատումը։
-Մենք հաճախ լսում ենք բանակցային գործընթացի առաջընթացի մասին, որո՞նք են գլխավոր հակասությունները գործընթացում, տպավորություն է ստեղծվում, որ շատ բան է մնում փակ դռների հետևում։
-Իհարկե շատ բան է մնում փակ դռների հետևում, և դա ճիշտ է, նախագահները շատ ուղիղ խոսում են միմյանց հետ իրենց համաձայնությունների և հակասությունների շուրջ, կան ավելի շատ համաձայնության, քան հակասությունների կետեր։ Այս բանակցություններում յուրաքանչյուր կետ պետք է համաձայնեցվի, և մենք շարժվում ենք այդ ուղղությամբ։ Այս գործընթացը երեկ չի սկսվել, տարիներ շարունակ ընթացքի մեջ է։ Հուսով եմ, որ խնդրի լուծումը մոտ է։
-Վերջին բախումները հաշվի առնելով, կարծո՞ւմ եք, որ երկարատև խաղաղության հաստատումը հնարավոր է, կողմերը ընդունո՞ւմ են, որ խնդիրը ռազմական լուծում չունի։
-Միանշանակ այո, եթե կողմերը խնդրի բանակցային լուծումը չտեսնեին, նրանք ուղղակի չէին բանակցի։ Երկու նախագահներն էլ գիտակցում են, որ պատերազմի վերսկսումը աղետալի կլինի տարածաշրջանի համար։ Մեր նպատակն է շարունակել բանակցությունները առաջընթաց գրանցելու նպատակով։ Եթե ոչ այժմ, ե՞րբ է ժամանակը։ Եկել է ճիշտ պահը խնդրին լուծում տալու։ Մենք չենք կարող պատերազմի հավանականություն թողնել, տարիներ անց իրավիճակը ավելի դյուրին չի լինելու։
-Երբ բախումները սկսվեցին ապրիլի սկզբին, երկու նախագահները Վաշինգտոնում էին, ի՞նչ կատարվեց և ո՞րն էր պատերազմի վերսկսման այս փորձի պատճառը։
-Մենք չունենք այս հարցի պատասխանը։ Մենք չունենք դիտորդներ շփման գծում, որ կարող էին կայացնել այս որոշումը։ Մենք չունենք հետաքննության մեխանիզմներ, ապրիլյան բախման պատճառները հայտնի չեն, հայտնի են միայն աղետալի հետևանքները։
-Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը առաջին հայացքից տարաձայնություններ չունեն, այս դիտարկումը ճի՞շտ է։ Դռների հետևում կան տարածաշրջանային լայն հետաքրքրություններ, և շատ դիտորդներ պնդում են, որ Ռուսաստանը հետաքրքրված է խնդիրը սառեցված պահել։
-ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան այս խնդրին նույն տեսանկյունից են նայում, մենք համագործակցում ենք, Ռուսաստանը հետաքրքրված է խնդրի լուծման մեջ, Ռուսաստանի նախագահը բավական ժամանակ է ներդրել բանակցային գործընթացում, մենք միանշանակ համագործակցում ենք Ռուսաստանի հետ այս խնդրի շուրջ, Մինսկի խմբի համանախագահները ներկա էին այս բանակցություններին, Ռուսաստանը հետաքրքրված է խնդրի լուծմամբ։ Անցյալում նախագահ Մեդվեդևի քայլերը այս ուղղությամբ չհանգեցրին ցանկալի արդյունքի , այժմ նախագահ Պուտինն է ջանքեր ներդնում այս ուղղությամբ, ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի, Ֆրանսիայի Հայաստանի և Ադրբեջանի հետ խնդրի լուծման ուղղությամբ։
-Ռուսաստանը զենք է վաճառում կողմերին, Դուք համոզվա՞ծ եք, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ հակամարտության վերսկսմամբ։
-Ռուսաստանը հետաքրքրված չէ պատերազմի վերսկսմամբ, Ռուսաստանը հետաքրքրված է իրավիճակի կայունացմամբ։ Մենք համոզված ենք, որ Ռուսաստանը անկեղծ է մեզ հետ այս հարցում։ Մենք հավատացած ենք, որ ապրիլյան պատերազմը անտեսանելի ձեռքի գործ չէր։ Դեռ ավելին, Ռուսաստանը հնարավորինս թափանցիկ է այս գործընթացում։ Սա մի հարց է, որի շուրջ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը հակասություններ չունեն։
-Նախատեսվո՞ւմ է նախագահների ևս մեկ հանդիպում, եթե այո, որոնք են բանակցային գործընթացի հաջորդ քայլերը։
-Հուսով եմ, որ նախագահները շուտով կրկին կհանդիպեն, նախնական պայմանավորվածություն դեռևս չկա։ Պահը հասունացել է, նախագահները բանակցում են, և մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, երկարատև համաձայնագիր հաստատելու համար։

Դիտվել է՝ 1740

Մեկնաբանություններ

link"> «Թավշյա» հարաբերություններ